Ալեքսան Ալեքսանյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Սա նշանակում է, որ Ալեքսան Ալեքսանյանը կմնա կալանքի տակ։

Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվեց հունիսի 2-ին՝ հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։ Նա ձերբակալվելուց անմիջապես հետո, հաջորդ օրը, կալանավորվեց 2 ամսով։

Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում։