Իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին դատական ակտեր կան

ՀՀ վարչական դատարանը դատական ակտով, որը մտել է օրինական ուժի մեջ, արձանագրել է նախընտրական շրջանում իշխող ուժի, մասնավորապես նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածումը։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը՝ ընթերցելով դատական ակտից մի հատված։

Մայիսի 26-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ քննարկման առարկա դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը։ Դիմումում մեջբերվել էր Փաշինյանի ելույթներից մեկը, որում նա հայտարարում էր, թե «․․․ չոքցնելու եմ, սատկացնելու եմ․․․ կալուգացուն էլ եմ կզցնելու, սատկացնելու եմ, չոքացնելու եմ․․․» և այլն։ ԿԸՀ-ն որոշել էր, որ հնչեցված բառապաշարը, թեև նախընտրական քարոզչության շրջանակում զսպվածության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում։

Վարդևանյանը նշեց, որ վարչական դատարանը դատական ակտում արձանագրել է, որ «․․․Այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքսում»։ Նրա խոսքով՝ սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն՝ նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ և առողջ ընտրական միջավայրի հետ։

Նա նաև անդրադարձավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման հարցին։ Վարդևանյանի խոսքով՝ կան վարչական դատարանի մի քանի դատական ակտեր, որոնցով ուղիղ արձանագրված է վարչական ռեսուրսի խնդիրը։ Նա նշեց, որ դատարաններից մեկը իր դատական ակտում մի քայլ առաջ է գնացել՝ ուղիղ արձանագրելով, որ նկատում է քրեաիրավական տարրեր։

«Դեպքերի մեկը վերաբերում է մայիսի 28-ի հայտնի ասուլիսին, երբ ՔՊ-ի պատգամավորի թեկնածուն մի պահից վերածվում է ՀՀ վարչապետի և հենց կառավարության շենքում մամուլի ասուլիսի ընթացքում նաև քաղաքական գնահատականներ է հնչեցնում»,- ավելացրեց նա՝ շեշտելով, որ ազատ և հավասար ընտրությունները ենթադրում են ազատ և հավասար պայմաններ։