Առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են կատարել Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը։ Խուզարկությունը տևել է շուրջ երկու ժամ և քսան րոպե։
Իրավապահների խնդիրն էր փնտրել զենք-զինամթերք, տարբեր կրիչներ և փաստաթղթեր։ Խուզարկության ընթացքում առգրավվել են ընտանիքի բոլոր անդամների հեռախոսները։
Խուզարկության ավարտին Կարեն Սիմոնյանը հայտնել է, որ իրավապահները չեն հայտնաբերել ոչ մի բան, որը կապված լիներ նախաձեռնված քրեական վարույթի հետ։ Նրանք առգրավել են միայն մեկ նոթատետր։ Խուզարկել են նաև Կարեն Սիմոնյանի ավտոմեքենան։
Խուզարկությունը կատարվել է «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք, որ Կարեն Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու է՝ զբաղեցնելով ցուցակի 20-րդ համարը։ Հունիսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր հերթական ձայնագրություն, որում հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նրա անունը։
Սիմոնյանը հայտնում է, որ այս ամենը իրենց հետ կապ չունի և որ իրավապահները «ստեղծում են, հնարում, պեղում»։