Անդրանիկ Թևանյանի աջակիցները ակցիա են անում դատարանի դիմաց

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաք են եղել «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցները և աջակիցները։

Հավաքի մասնակիցները պահանջում են անհապաղ դադարեցնել այն, ինչպես նրանք բնորոշում են, «քաղաքական բռնաճնշումները», և ազատ արձակել քաղաքական գործչին։ Նրանք վանկարկում են Անդրանիկ Թևանյանի անունը և պահանջում են նրա անհապաղ ազատ արձակումը։

Հավաքի մասնակիցներին ուղղված ելույթում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյան, կա մեկ դավաճան, և այդ մեկ մարդը դո՛ւ ես։ Այս երկրում թույն ու թարախ է շաղ տալիս միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, Նիկոլ Փաշինյան»։ Նրա խոսքերը մեծ աջակցություն գտան հավաքված քաղաքացիների շրջանում, ովքեր միացան նրա վանկակումներին։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի հոդվածով՝ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար։

Ավելի ուշ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։