ՀՀ դատարանը փոխարինել է «Սրբազան պայքար» շարժման անդամ Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառվող տնային կալանքը այլընտրանքային խափանման միջոցով՝ վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։
Այս որոշումը կայացվել է Օկումուշյանի պաշտպանի միջնորդության հիման վրա, որը վերաբերում էր նրա ընտանիքի սոցիալական դժվարին իրավիճակին և աշխատելու անհրաժեշտությանը։ Ըստ պաշտպանի՝ Կարո Օկումուշյանն ունի երկու անչափահաս երեխա և ընտանիքի միակ կերակրողն է։ Նրա կալանքի և տնային կալանքի շրջանում ընտանիքը հայտնվել է սոցիալական ծանր վիճակում։ Միջնորդության մեջ նշվել էր նաև, որ Օկումուշյանը կարիք ունի աշխատելու երկու հերթափոխով, այդ թվում՝ գիշերային ժամերին։
Հանրային մեղադրողները, թեև նշել են, որ տնային կալանքի համար անհրաժեշտ հիմքերը պահպանվում են, չեն առարկել այն պայմանով, որ դատարանը նվազ խիստ խափանման միջոց կընտրի՝ հաշվի առնելով Օկումուշյանի ընտանեկան դրությունը։
Դատարանի որոշմամբ վերացվել է նաև Օկումուշյանի նկատմամբ կիրառված գրավը, և նրան կվերադարձվի մուտքագրված 500 հազար դրամը։
Հիշեցնենք, որ Կարո Օկումուշյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։