Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին պետք է դիտարկել որպես քաղաքական օրակարգի մի մաս, որը հիմնված է տարբեր հարթակներում պարբերաբար հնչող համեմատականների վրա։
Իմ կարծիքով, վարչապետի հայտարարության հիմնական շարժառիթը այն է, որ տարբեր հարթակներում Հայաստանը եվրոպական դիտանկյունից ավելի դրական է ներկայացվում, իսկ Վրաստանը՝ բացասական։ Այս հարաբերությունների անփոփոխ բնույթը և դրանց անկախությունը երրորդ կողմերի ազդեցությունից պետք է ընկալել որպես հստակ հաղորդագրություն։
Այս հայտարարության առաջին շահառուն պաշտոնական Թբիլիսին է, որին ասվում է, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները անփոփոխ են, բարեկամական և դինամիկ զարգացող։ Մյուս շահառուն 3-րդ երկրներն են, որոնց ցույց է տրվում, որ պետք չէ այս հարաբերությունների վրա ինչ-որ ձևով ազդել։
Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, այն ուղղված է եղել ոչ թե Երևանին, այլ ԵՄ–ին։ Այն կարող է լինել արձագանք ԵՄ-ի որոշակի քաղաքականությանը կամ մոտեցումներին, որոնց մասին մենք կարող էիք լիարժեք տեղեկացված չլինել։
Հայաստանի և Վրաստանի անկախության 30 տարվա ընթացքում տարբեր երրորդ երկրներ փորձել են Հայաստան-Վրաստան հարաբերություններում իրենց շահերից բխող ինչ–ինչ փոփոխություններ ստանալ։ Բայց դա, իմ կարծիքով, նրանց չի հաջողվել և չի էլ հաջողվի։ Դրա պատճառն այն է, որ Երևանն ու Թբիլիսին միշտ գնահատել են այդ հարաբերությունները և միշտ փորձել են երրորդ կողմերի ազդեցությունից զերծ պահել դրանք՝ լինեն այդ երկրները տարածաշրջանի երկրներ, թե տարածաշրջանից դուրս գտնվող, բայց տարածաշրջանում շահեր ունեցողներ։
Այս պարագան, իմ կարծիքով, բոլորի համար ուսուցողական պիտի լինի, որ այս հարաբերությունների վրա չփորձեն ինչ-որ ձևով ազդել։ Կարևոր է, որ Թբիլիսիում ևս ճիշտ գնահատեն Հայաստանի մոտեցումը, դրական եզրակացություններ անեն և շահագրգռված լինեն շարունակելու Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը, հատկապես՝ տուրիստական սեզոնին ընդառաջ։