ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ներկայացնելով ֆինանսական կայունության հաշվետվությունը, նշել է, որ վերջին շրջանակում փոխարժեքի շուկայում արձանագրված անկումը հայկական դրամը ամրապնդել է շուրջ 10 դրամով։
Ըստ նրա՝ այս դրական դինամիկան հիմնականում պայմանավորված է դեպի Հայաստան մեծ ֆինանսական ներհոսքով, որը նկատվում է զբոսաշրջության ոլորտում։ Բացի այդ, երկրի տնտեսության այլ ոլորտներում էլ գրանցվում է բավականին մեծ ներհոսք՝ թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ բիզնեսի կողմից։
«Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ Կենտրոնական բանկը ստիպված է անընդհատ միջամտում ֆինանսական շուկային։ Չնայած մեր մոտ լողացող փոխարժեք է, սակայն մենք պարտավոր ենք միջամտել, քանի որ օրեր են լինում, երբ կան մեծ գումարների բազմաթիվ վաճառողներ, որոնք հայկական դրամով ձեռք են բերում պետական պարտատոմսեր, սակայն դոլարով գնորդներ չկան։ Այսինքն, միակողմանի շուկա է ձևավորվում, որտեղ մենք մտնում ենք, միջամտում ենք, ձեռք ենք բերում հավելյալ արտարժույթը, որպեսզի փոխարժեքը չխաթարվի շատ ավելի մեծ չափերով», – մանրամասնեց Գալստյանը՝ պարզաբանելով, որ սա նշանակում է, որ փոխարժեքի առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը։
Նա նաև անդրադարձավ պետական պարտատոմսերի շուկային՝ նշելով, որ վերջին տարիներին դրանում մեծ դեր են սկսել խաղալ միջազգային ինստիտուցիոնալ խաղացողները։ Ըստ նրա՝ այսօր մեր պարտքի մոտ 10 տոկոսը գտնվում է այդ խաղացողների մոտ։
«Եթե մի քանի տարի հետ նայենք, ապա ինստիտուցիոնալ միջազգային համբավ ունեցող լուրջ խաղացողներ ՀՀ դրամային արտահայտությամբ պետական պարտքի շուկայում չկային», – ընդգծեց նա։
ԿԲ նախագահը նշեց, որ այս հանգամանքը ոչ միայն ներգրավում է մեծ ծավալի ներդրումներ, այլև նպաստում է ներքին կարգապահության և ցածր եկամտաբերության։ Նա օրինակ բերեց, որ դրամով արտահայտված 10 տարի տևողությամբ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը բավականին ցածր է՝ մոտ 8.8 տոկոս, ինչը շատ լավ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ դոլարային արտահայտությամբ նմանատիպ ամերիկյան պարտատոմսերը 4.4 տոկոս են։
Նա նաև նշեց, որ մեր ամենամեծ արտահանման շուկան Ռուսաստանն է, որտեղ հայկական դրամն անգամ թուլացել է ռուսական դրամի նկատմամբ, և այս հատվածում աշխատող արտահանողները բավականին լավ վիճակում են։