Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, երբ իրեն հիշեցրին արցախցիների վերադարձի մասին։

Արթուր Օսիպյանի հետ զրույցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ։

Արթուր Օսիպյանը մեղադրեց Նիկոլ Փաշինյանին Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի կողմից կատարված գործողությունների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Նա նաև նշեց, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։

Այս հիշեցումից հետո Նիկոլ Փաշինյանը հակադարձեց։ «Եկել ես էստեղ, ադրբեջանական նարատիվներ ես տանում։ Ինչ–որ մեկի ասելով չի, մեր օրակարգում տենց հարց չկա։ Դուք Ղարաբաղ չեք կառուցել, բոլորդ էլ թալանել եք։ Ես հպարտ եմ, որ Հայաստանն այդ թակարդից հանել եմ»,- հայտարարեց նա։

Այս խոսակցությունից հետո սկսվեց բանավեճ։ Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։

Վարչապետի թեկնածուն շարունակեց բղավել բարձրախոսով։ «Թող Ղարաբաղի պսևդոէլիտաները ռադ լինեն, գնան։ Էս ովքե՞ր են սրանք, ռադներդ քաշեք ընդհանրապես։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել։ Գնայիր զոհվեիր մեր երեխեքի տեղը։ Թալանչի անասուններ»,– ասաց նա։

Այսօրվա քարոզարշավի ընթացքում մեկ այլ միջադեպ էլ տեղի ունեցավ, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց բղավել անհետ կորած փոխգնդապետի քրոջ խոսքերից հետո։