Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակի

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի։ Այս առաջադրումը կատարվել է աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպանների կողմից։

Առաջադրման հիմնական պատճառը Ռուբեն Վարդանյանի նշանակալի ներդրումն է մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով։ Նրա անսասան նվիրվածությունը, որով նա բարձրաձայնում է իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում), նույնպես հիմնարար դեր ունի այս որոշման մեջ։

Իրավապաշտպանները նշում են, որ ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագովն ու մարդասերն ինքն է դարձել պաշտպանության կարիք ունեցող անձ։ Ռուբեն Վարդանյանը, ինչպես և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչներ, Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։

Նրանք համոզված են, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, ինչպես նաև կարևոր քայլ կդառնա նրա և Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։

Այս հայտարարությունը ստորագրել են Վահան Զանոյանը, Մարգարիտ Բարանկիցեն, Թոմ Քաթինան, Ջուլիեն Լուսենգենը և Միրզա Դինային։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահվում է 19 հայ գերի։ 2025 թվականի հունվարին Բաքվում սկսված «դատավարության» արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։