Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծի ներկայացումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին ոչ թե պատահական, այլ հստակ հաշվարկված քայլ է։ Այս մասին ասում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Գևորգյանը։
Իսրայելը, իր աշխարհաքաղաքական ընկալման շրջանակներում, տարածաշրջանում նոր հայտ է ներկայացնում, որի հիմքում դրված է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Սա ուղիղ հարված է Թուրքիայի շահերին, և այն տեղավորվում է թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության տրամաբանության մեջ։
Հարաբերական անդորրը Թել Ավիվ–Անկարա հարաբերություններում, որը տևական ժամանակ թեև տատանումներով, բայց բնականոն էր, խախտվեց 2023թ․-ին՝ Գազայի վրա հարձակման հետևանքով, երբ Թուրքիան հայտարարեց, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում։ Սա Իսրայելի համար լրջագույն խնդիրն էր, և Թել Ավիվը պետք է հակադարձեր։
Պատմաբանը նաև նշում է, որ Իսրայելը վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերություններում շատ հաճախ օգտագործում է «պատմական հիշողություն» բանաձևը՝ որպես դիվանագիտական և տեղեկատվական քաղաքականության կարևորագույն գրավական։ Իսրայելի ներքաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ նմանատիպ գիտական համայնքների ուղերձները հաճախ հասանելի են դառնում նաև պետական կառավարման օղակներին։
Այդուհանդերձ, Գևորգյանը խորհուրդ է տալիս Իսրայել-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս չմոռանալ Ադրբեջանի գործոնի մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, պատմաբանը կարծում է, որ մեր երկրը նախ պետք է հասկանա, հաշվարկի, ապա արձագանքի նոր իրավիճակին։ Այդ հարցը ուղիղ վերաբերելիություն ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ներկային, այլև հայ ժողովրդի պատմական հիշողությանը։
«Այսօր գործ ունենք ամբողջապես նոր մի իրավիճակի հետ, և հարկավոր է շատ հավասարակշռված հաշվարկի տեսակետից նայել այս հարցին ու չտրվել արկածախնդրությանը, ոգևորությանը, հատկապես, որ Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները երբևէ աչքի չեն ընկել արտառոց մտերմությամբ։ Հակառակը՝ եղել են շատ խնդրահարույց դրսևորումներ, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետ կապված»,– նկատում է Գևորգյանը՝ միաժամանակ նշելով, որ պետք է աշխատանք տանել մասնագետների, փորձագետների հետ, որպեսզի ձեռք բերենք հավասարակշռված հարաբերություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերի։