ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը աշխատանքային այցով է Սյունիքում

Այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

Այցի նպատակն է տեղում ընդգծել և ամրապնդել հայ-ամերիկյան բազմաոլորտ գործընկերությունը։

Ամերիկացի դիվանագետի այցի ընթացքում նախատեսվում է հանդիպումներ տեղական իշխանությունների, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Դեյվիդ Ալենը կայցելու է նաև Մեղրիի սահմանային հատված՝ ծանոթանալու ընթացիկ համագործակցության հետ։ Գորիսում նախատեսվում է այցելություն «ՔոնթուրԳլոբալ» ընկերության գրասենյակ, որտեղ օրակարգային կլինեն էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերն ու հնարավոր նոր ծրագրերը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որի համաձայն Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) պետք է ստեղծվի ռազմավարական տարանցիկ ճանապարհ, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և կապահովի Ադրբեջանին առևտրային հասանելիություն դեպի Նախիջևան։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։