Թուրքիան սահմանների բացման հեռանկարն օգտագործում է որպես քարոզչական լծակ

Իմ դիտարկմամբ, ԽՍՀՄ փլուզումից ի վեր Թուրքիան Հայաստանի դեմ վարում է փափուկ ուժի քաղաքականություն, որի հիմնական դրսևորումը տնտեսական շրջափակումն է։ Սակայն այս քայլն ունի ոչ թե զուտ տնտեսական նպատակներ, այլ ավելի շատ ծառայում է որպես քարոզչական ու մանիպուլյատիվ լծակ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել էր, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Այս հայտարարությունը, ըստ իմ վերլուծության, հիմնված է խորը արմատներ ունեցող թեզի վրա, որը խորապես ներդրված է հանրության և անգամ ազգային էլիտաների գիտակցության մեջ։ Այն կենցաղային տրամաբանության վրա հիմնված մտածողություն է, թե «բաց սահմանը միշտ ավելի լավ է, քան փակը»։ Սա, սակայն, չունի որևէ լուրջ, գիտահեն ապացույց։

Իրականում, ստեղծված իրավիճակի և քարոզչության գլխավոր ու միակ շահառուն հենց Թուրքիան է։ Ուստի պաշտոնական Անկարան սահմանների բացման հեռանկարը օգտագործում է որպես խայծ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Իր արդյունավետությամբ դա շատ ավելի լավ գործիք է, քան բուն սահմանը բացելը։

Քանի դեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջնորդվել Անկարայի պարտադրած օրակարգով և սահմանի բացման պատրանքով, պաշտոնական Անկարան շարունակելու է անվերջ ձգձգել գործընթացը՝ յուրաքանչյուր փուլում ստանալով նորանոր միակողմանի զիջումներ։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերին երկու երկրները հայտարարեցին հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին և նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։