Հայաստանում կներդրվի բջջային հեռախոսների միասնական գրանցման համակարգ

Հայաստանում կներդրվի նոր համակարգ, որը կնպաստի բջջային հեռախոսների շուկայի անվտանգությանը և կօգնի պայքարել ստվերային շրջանառության դեմ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նոր համակարգը կներառի մի քանի հիմնական կետ։ Առաջինը՝ անհատները կկարողանան իրենց նոր բջջային հեռախոսի միջազգային նույնականացուցիչը (IMA կոդ) առցանց անվտանգ գրանցել։ Երկրորդը՝ շարժական բջջային կապի ցանցի օպերատորները կունենան պարտադիր պահանջ՝ ստուգելու բջջային կապի ծառայություններ մատուցելիս հեռախոսի IMA կոդի գրանցվածությունը։ Երրորդը՝ բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը, եթե հեռախոսի կոդը գրանցված չլինի։

Համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ռիսկերով, որոնք առաջանում են գրանցման բացակայության պատճառով։ Դրանց են պատկանում չմաքսազերծված և կեղծ կոդերով սարքերի շրջանառությունը, հարկային կորուստները, շուկայի մրցակցության խաթարումը, անձնական տվյալների պաշտպանության թերությունները և անձնական անվտանգության ռիսկերը։

Նախարարը մանրամասնեց նաև գրանցման պարտադիր պայմանները։

Անհատների համար: Եթե անհատը ներմուծում է բջջային հեռախոս, որը արտադրվել է ընթացիկ կամ նախորդ տարում, ապա գրանցման համար պետք է վճարի 3000 դրամ պետական տուրք։ Իսկ եթե հեռախոսը ավելի հին է, ապա գրանցման համար տուրք չի նախատեսվում։
Մեկից ավելի հեռախոս ներմուծելու դեպքում: Եթե անհատը մեկ տարվա ընթացքում ներմուծում է մեկից ավելի բջջային հեռախոս, ապա գրանցման համար տուրքը կախված է արտադրության տարեթվից։ Օրինակ՝ 2026 թվականի արտադրության հեռախոսի համար տուրքը կկազմի 100 հազար դրամ, իսկ 2025 թվականի արտադրությանը՝ 20 հազար դրամ։
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար: Նրանք կվճարեն 3000 դրամ գրանցման տուրք յուրաքանչյուր հեռախոսի համար, ինչպես նաև տարեկան 250 հազար դրամ պետական տուրք։

Այս կարգավորումները կսկսեն գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Դրանք չեն տարածվի այն հեռախոսների վրա, որոնք արդեն իսկ միացված են բջջային օպերատորների ցանցին և գործում են։ Նախարարը նշեց, որ նոր համակարգը կօգնի նվազեցնել բջջային հեռախոսների սև շուկայի 30-40 տոկոսանոց ստվերային շրջանառությունը։