Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացների շրջանակում իշխանական ուժերի կողմից կիրառվող քաղաքական մեթոդները, իմ կարծիքով, դուրս են եկել քաղաքակիրթ և ժողովրդավարական սահմաններից։ Այս կարծիքը ես կիսում եմ Արցախի Հանրապետության հանրային խորհրդի հետ, որը խստորեն դատապարտել է հասարակական դաշտում տարածվող ատելության խոսքը և սպառնալիքները։
Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ քաղաքական պայքարի համատեքստում կրկին թիրախավորվում են արցախցիները՝ փորձելով նրանց ներկայացնել որպես ներքաղաքական լարվածության աղբյուր։
Իր հաղորդագրության մեջ խորհուրդը նշել է, որ հատկապես անընդունելի է իշխող կուսակցության հետ կապ ունեցող մի քանի լրատվական կայքերի կողմից հրապարակված տեսագրությունը։ Այդ տեսագրության մեջ դիմակավորված անձինք, խոսելով արցախյան բարբառով, դիմում են ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն նրա գտնվելու վայրերը և վերահսկում են նրա շարժը։
Այս իրադարձությանը անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, իսկ ՔԿ-ն հայտնել է, որ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և ապօրինի զենքի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իմ կարծիքով, տեսագրությունը ակնհայտ սադրանք է, որը բեմադրվել է արհեստական կերպով և որը որևէ առնչություն չունի արցախցիների հետ։ Նման գործելաոճը ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր՝ հաշվի առնելով ՀՀ հասարակության ներսում առկա զգայունությունը և անվտանգության մարտահրավերները։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նույնպես հայտարարել է, որ տեսագրությունը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրություն է՝ նպատակ ունենալով Փաշինյանին իբր զոհ ներկայացնել, ժողովրդի վախերի վրա խաղալ և արցախցիներին լրացուցիչ թիրախավորել։
Այս ամենի ֆոնին ես կոչ եմ անում զերծ մնալ ատելության խոսքից, սպառնալիքներից և հասարակությունը բաժանող վտանգավոր հռետորաբանությունից։ Իրավասու մարմիններին՝ պատշաճ գնահատական տալ նման երևույթներին։