Հայաստանի իշխանությունների լռությունը դառնում է ավանդույթ

ՀՀ իշխանությունների կողմից Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը պղծելու փաստին արձագանքի բացակայությունը ռուսական կողմի համար խորապես անհանգստություն է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի խորհրդանիշ համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառեր, որոնք հետագայում հայտնաբերվել են աղբամանում։ ՆԳՆ-ն հունիսի 14-ին հայտնեց, որ հուշարձանների ոսկեգույն տառերը պոկած 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

«Անհասկանալի է, թե ինչու Հայաստանի իշխանությունները, պղծման ակտը վճռականորեն դատապարտելու կամ գոնե հստակ դիրքորոշում հայտնելու փոխարեն, որոշել են լռել։ Սա դառնում է ավանդույթ», – նշել է Զախարովան։ Նա օրինակ է բերել Վլադիմիր Զելենսկու` Երևանում հնչեցրած հայտարարությունները, որոնց հետևանքով Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել։

Զախարովան նշել է, որ թողտվությունն ու սանձարձակ հակառուսական արշավը, որով ուղեկցվում էին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, պարարտ հող են ստեղծել նման բարբարոսական արարքների համար։ Նրա խոսքով՝ որոշ տեղեկատվական ռեսուրսներ փորձել են միջադեպը ներկայացնել որպես ռուսական կողմի սադրանք։

«Նախնիների հիշատակի նկատմամբ անարգանքը և հուշարձանների դեմ պայքարը ԵՄ-ի հետ մերձեցման անբաժանելի մասն են, իսկ երբեմն՝ նույնիսկ նախապայման», – շարադրել է Զախարովան՝ նշելով, որ սա սրբապղծություն է, ոչ թե պարզապես խուլիգանության ակտ, այլ մեր երկրների համար ընդհանուր պատմական հիշողության վրա նպատակաուղղված հարձակում։

Ռուսական կողմը բողոքի նոտա է հղել Հայաստանին։ Բացի այդ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն օպերատիվորեն միացել են հուշահամալիրի վերականգնմանը, իսկ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը համապատասխան գնահատական է տվել տեղի ունեցածին։

Զախարովան նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմը ծանոթացել է միջադեպի ենթադրյալ մեղավորի ձերբակալման մասին հաղորդագրություններին և հույս ունի, որ արդարությունը կհաղթանակի։