ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
Գործը հարուցվել է իշխանական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստելու հոդվածով։
Ըստ կոմիտեի տեղեկությունների՝ Ա.Չ.-ն 2026 թվականի մայիսին այցելել է այլ պետություն և հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց հետ։ Նա համոզելու և շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որ նրանք իրենց ծառայողական լիազորությունները օգտագործելով խոչընդոտեն ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ըստ պնդումների՝ նա առաջարկել է տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպել այդ կազմակերպություններում աշխատող քաղաքացիներին մեկնել Հայաստան և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։
Քննչական կոմիտեն նշում է, որ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը Ա.Չ.-ն է։
Այսպիսով, Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։